«Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս:
Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի: Թերությունների վերաբերյալ չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,-
Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Նրա համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը.
«Մեր ազգը չափազանց զգայուն է քւ դժվարին պահերին համախմբվելու լավ ունակություն ունի: Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր… Այժմ այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից ու արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել: «Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ»,- եզրափակեց դերասանը: