Կորոնավիրուսից հետո կյանք․․․իհարկե կա, սակայն…

Peoplemedia.am-ը գրում է․

Կյանք կորոնավիրուսից հետո․․․իհարկե կա, սակայն ոչինչ այլևս առաջվանը չի լինի։

• Տեղի կունենա արժեքների վերանայում։ Պանիկա է սա, թե պանդեմիա, համաշխարհային դավադրություն, թե աշխարհը փրկելու ծրագիր, վտանգը չափազանցված է, թե իրական․ պարզ է մեկ բան՝ այս ամենի ավարտից հետո ամեն մարդու մոտ ու մարդկության մոտ կփոխվեն արժեքները․ ժամանակը եկել է։ Պատճառներն այլևս կարևոր չեն, կարևոր է, թե այս ամենի հետ ինչպես կվարվենք մենք ամեն մեկս մեզ համար ու բոլորով միասին։

• Վախը կհասնի իր գագաթնակետին, և միայն այդ ընթացքում հնարավոր կլինի այն հաղթահարել եւ վերաիմաստավորել։ Կորոնավիրուսի շնորհիվ մենք կկարողանանք անցնել մեր վախերի միջով ու դեմ դիմաց կանգնել խնդիրներին, որոնք երբեմն այնքան չնչին կթվան, որ իրավունք էլ չեն ունենա վախերի վերածվել։

• Ապագան վաստակելու և ինքնադրսևորման միջոցների վերանայման կարևորություն ունի։ Շատ բան է հնացել․ երբ սահմանները փակ են, մարդիկ տներում ինքնամեկուսացած ու օֆֆլայն ամեն բան հարցականի տակ է, մարդկությունը ստիպված է զարգացնել բնականոն գործունեության հեռահար, առցանց, իննովացիոն եղանակներ եւ գործիքակազմ և դա անել շատ որակյալ։

Ապագան պահանջում է նոր մոտեցում, քանի որ մենք երբեք ապահովագրված չենք նմանատիպ իրավիճակի կրկնությունից։ Ցանկացած պահի մարդիկ պետք է կարողանան հրաժարվել հին մեթոդներից ու ապրել ժամանակակից կյանքի ռիթմի պահանջներով։

Imagen de computadora del coronavirus

• Սեփական անձի ու հարազատների առողջության համար անկեղծ հոգատարություն, անվտանգության ապահովում․․․ սկզբում իհարկե սա կշարունակվի վախով պայմանավորված, սակայն հետո առօրյայի մի մաս կդառնա։ Ֆիզիկական ու հոգևոր առողջ և որակյալ կյանքը կդառնա գլխավոր պահանջներից մեկը։ Մարդիկ կսիրեն իրենց առողջ մարմինն ու կյանքը։

• Հարաբերությունների ֆիլտրացիա։ Իզուր չէ ասված «Իսկական ընկերը ճանաչվում է վտանգի պահին»։ Մի պահ կտրվելով ժամանակակից գլոբալիզացիայի խելահեղ տեմպից, օրը տասնյակ մարդկանց հետ շփումներից, մարդիկ կմնան միայնակ իրենք իրենց հետ, իրենց մտքերի հետ, և ժամանակ կգտնեն մտորելու ու հասկանալու, թե ում կարիքն ունեն, առանց ում հետ շփման չեն կարող։ Կհասկանան, թե ով է հետաքրքրվում ու անհանգստանում իրենց առողջությամբ և ում վտանգից հեռու մնալու համար են թաքուն աղոթում իրենք։

• Մարդկությունը երկար ժամանակ է մտածում էր՝ էլ ինչ կարելի է գնել․․․բայց ոչ․․․այժմ եկավ ժամանակը, երբ մենք ազատվեցինք այդ ոչ մի տեղ չտանող մտքից։ Կորոնավիրուսը, իրական վտանգ է այն, թե վախ մեր գլխում, ազատեց մեզ ապառողական հոգեբանության գլխավոր մեխից՝ ինչ գնել․․․Մարդիկ հասկացան, որ վտանգի պահին ոչ մի գնում չի փրկում իրենց ու պահարանի դարակներից նայող ոչ մի իր երջանկություն չի բերում։ Հիմա մենք երազում ենք այն օրվա մասին, երբ պարզապես կկարողանանք ազատ փողոց դուրս գալ, պարզապես դուրս գալ տանից ու ազատ քայլել փողոցում։

• Կորոնավիրուսը մեզ կմոտեցնի կյանքի իրական արժեքներին։ Մնալով տանը, մենք ավելի շատ ժամանակ կանցկացնենք մեր ծնողների ու երախաների, սիրելի մարդկանց հետ։ Միասին կնախաճաշենք եւ կպատրաստենք, կզրուցենք ու հոգ կտանենք իրար համար։ Ամեն դատարկ բան կմնա տան դռնից դուրս, իսկ տան ներսում կլինի միայն ամենաթանկը, ամենաիսկականը՝ սերը, կյանքը ու մեզ կյանքին կապող մարդիկ։ Ու այդ ժամանակ մենք գուցե ճանաչենք իսկական մեզ։

․․․այս կյանքում պատահական ոչինչ չի լինում։ Ամեն ինչ գալիս է ճիշտ ժամանակին, երբ մենք կորցրած ենք լինում մեզ, կյանքում մեր ուղին եւ իրական արժեքները։ Մենք ամեն բան կհաղթահարենք, ու կյանքն իր բնականոն հուն կվերադառնա։

Կյանք կորոնավիրուսից հետո․․․իհարկե կա, սակայն ոչ մի բան այլևս առաջվանը չի լինի․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *