Ահա, թե Ինչու Թումանյանի մահից հետո նրա որդին գողացավ հոր սիրտն ու թաքցրեց իրենց տանը. պատմություն, որ քչերին է հայտնի

Հովհաննես Թումանյանը ոչ միայն իր կյանքի ընթացքում, այլ նա այն ավարտելուց հետո հայտնվեց բազմաթիվ քննարկումների կենտրոնում։ Ամեն բան թեժացավ, երբ նրա կյանքի ավարտից հետո հարազատ որդին որոշեց գողանալ հոր սիրտը հենց հիվանդանոցից։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Պատմություն, որ քչերը գիտեն։

Գրականագետ Չարխչյանը հետաքրքիր ու չիմացված մի պատմություն պատմեց մի օր։ Նա նշում էր, որ 1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Բայց կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին:

Բանն այն է, որ դեռ Մոսկվայում Թումանյանի կյանքի ավարտից հետո բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը:

Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… Ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ է, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր անբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ:

Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ է ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ է, ու հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Սակայն մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, ու նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր՝ նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր:

Հետո վերջինս խոստովանեց, որ ամբողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի երազանքը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *