ԿԱՐԵՎՈՐ. Ինչպե՞ս հասկանալ՝ վարակվել եք գրիպո՞վ, թե՞ կորոնավիրուսով․ վիրուսաբանի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման խնդրին ու ՀՀ-ում դրա կանխարգելմանը:

«Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ նրա կարծիքով, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, ու մինչև այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի էլի վեց տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ առհասարակ, կորոնավիրուսները շատ են:

Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է ու իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին»,- նշել է մասնագետը:

Նա ընդգծել է, որ չի կարող ո՛չ բացառել, ո՛չ հաստատել, որ կորոնավիրուսը կտարածվի նույնպես կոյուղիների միջոցով: Եթերի ընթացքում Զաքարյանը ընդգծել է կորոնավիրուսի ու գրիպի նմանությունները և տարբերությունները. «Հիմնականում երկու նմանություն ունեն. առաջին՝ ինչպես ընդգծեցի, օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ ախտանիշերը:

Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումները ամբողջը գիտեն՝ ջերմություն, հազ, թուլություն: Կորոնավիրուսի դեպքում էլ են այդպիսի նախանշաններն ի հայտ գալիս, ու սա, անշուշտ, լուրջ դժվարություն է առաջացնում՝ տարբերակելու համար՝ արդյոք տվյալ մարդը գրիպո՞վ է վարակված, թե՞ կորոնավիրուսով:

Այսքանով նմանություները սահմանափակվում են, քանի որ սեզոնային գրիպի բոլոր վիրուսների դեպքում կյանքից հեռացումի աստիճանը բավականին ցածր է, մոտավորապես 0.2-0.3 տոկոսը չի անցնում, եթե, անշուշտ, խոսքն այն գրիպի վիրուսների մասին չէ, որոնք պատմության ընթացքում լուրջ համաճարակների պատճառ են դարձել, օրինակ՝ իսպանական գրիպը:

Կորոնավիրուսի դեպքում կյանքից հեռացման մակարդակը 2.5-3 տոկոսի է հասնում, որը 10 անգամ բարձր է: Հետևաբար՝ համեմատել գրիպի վիրուսի հետ և ասել՝ գրիպի վիրուսի նման է, պետք չէ մտահոգվել, այդքան էլ ճիշտ չէ»: Նրա խոսքով՝ ոչ մի կերպ քաղաքացին չի կարող տարբերակել, թե վարակված է սովարական գրիպով, թե՝ կորոնավիրուսով. «Տարբերակման միայն մեկ բավականին ճշգրիտ մեթոդ կա՝ դիագնոստիկ մեթոդը:

Եթե մարդը գրիպի ախտանշաններ ունի և վերլուծելով իր անցած ճանապարհը՝ տեսնում է, որ հնարավոր պոտենցիալ վտանգներ կան, իհարկե, արժե, որ այցելի հիվանդանոց և բժիշկներին հայտնի իր մտավախությունները:

Անշուշտ, այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրի՞պ է, կամ որևէ սուր շնչառական վարա՞կ է, թե՞ կորոնավիրուս է»,- ասել է նա: Հարցին, թե եթե Հայաստանում կորոնավիրուսը տարածվի, դեղամիջոցներ կա՞ն, մասնագետը պատասխանել է. «Որոշ դեղամիջոցներ կան, եթե չկան էլ, դրանք կարելի է շատ արագ արտասահմանից գնել և բերել, ինչպես դիագնոստիկ միջոցները բերվեցին։

Այդ առումով, չեմ կարծում, թե որևէ էական խնդիր կլինի։ Խնդիրը միայն այն կլինի, թե որքանո՞վ այդ դեղամիջոցներն արդյունավետ կլինեն, որովհետև դրանք ստեղծված չեն մարդու կորոնավիրուսի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *