Գագիկ Ծառուկյանի մասին մենք բոլորս ՍԱ գիտեինք․․․ Դերասան Սերգեյ Դանիելյանի դիպուկ անդրադարձը

Դերասան Սերգեյ Դանիելյանը նշում է․

Այս ամենը իշխանության անողնաշարության հետևանքն է… Այդ մարդիկ վաղուց պետք է բանտերում նստած լինեին: Հնդկական կինոյի նման է իշխանության սյուժեն՝ ամեն ինչը թավիշով, օրենքով… Դրա համար էլ բոլոր նախկին կոռուպցիոներներն ու հակապետական ուժերը միավորվել են՝ տապալելու այս իշխանությունը, չնայած որ ինձ թվում էր՝ բոլորը պետք է կոնսոլիդացվեին՝ այս վարակը հաղթահարելու համար:

Ես քաղաքացի եմ, որին ասել են, որ ինքը հեղափոխություն է արել: Իսկ հեղափոխությունը հակասահմանադրական ու հակաօրինական պրոցես է, եթե կցանկանաք իմանալ, այսինքն՝ դեստրուկտիվ պրոցես է, որ հետո հանգեցնում է կոնստրուկտիվ պրոցեսի: Եթե սա իշխանափոխություն էր՝ հարց չկա, Նիկոլը Սերժից լավ է, բայց հեղափոխությունն այն է, երբ համակարգային փոփոխություններ են գրանցվում, իսկ դա հնարավոր է միայն մարդկանց փոխելով, և պետք չէ ստից խոսակցություններ վարել՝ ասելով, թե մասնագետ չկա: Ինչպե՞ս ողջ պառլամենտը «թափեցիք», այդպես էլ պետք է դատական իշխանությունը «թափվեր», ԱԱԾ-ում փոփոխություն լիներ…

Նա, խոսելով նորանշանակ պաշտոնյաների մասին, նշում է․ Երբ երկու տարի հետո է այս ամենն արվում, ես արդեն չգիտեմ՝ սա ինչ նշանակում էր. միգուցե շատ լավ նշանակում էր… Ես չգիտեմ, չեմ ճանաչում, բայց հենց սկզբից պետք է վերևի «էշելոնը» փոխվեր, նոր մարդիկ նշանակվեին, որոնց մենք չենք ճանաչում, որոնք մոտ կանգնած չէին լինի ընդհանուր լափամաններին, ինչպես բոլոր հեղափոխությունների ժամանակ է լինում:

Ես չեմ ասում արնախում վարք ցուցաբերեինք, ինչպես Չաուշեսկու ամուսիններին, Սերժ Սարգսյանի ընտանիքին գն դակահարեինք, ոչ, ամենևին, մենք արյուն չենք ցանկանում: Բայց ես չէի պատկերացնում, որ, օրինակ, Տիգրան Մուկուչյանը ներկայիս իշխանության օրոք պաշտոն կզբաղեցներ: Ես պատկերացնում էի, որ պետք է համակարգային փոփոխություններ լինեին, խելոք, նորմալ մարդիկ գային, կանգնեին Փաշինյանի կողքին:

-Միանշանակ, շատ վատ: Այնպես չէ, որ այս իշխանությունն աչքիս լույսն է, և պետք է իրենց պահենք այնպես, ինչպես Լուկաշենկոյին են պահում. պարզ է, որ իշխանությունը պետք է փոխվի, բայց այդ ուժերը ինչու են ակտիվացել՝ չեմ հասկանում: Իրենց թվում է՝ իրենք պետք է հաջորդիվ գան իշխանությա՞ն: Դա է ինձ համար զարմանալի: Ո՞վ է իրենց հենարանը: Ընդհանրապես, ի՞նչ են մտածում՝ եթե այս իշխանությունը տապալեն, կորոնավիրուսի դեմ պայքարը լավ է ընթանալո՞ւ, հիվանդանոցներ, շնչառական ապարատներ են ավելանալո՞ւ:

Գագիկ Ծառուկյանի մասին մենք բոլորս գիտեինք, եթե իրենք դա նոր են հայտնաբերել, կարող էին ինձ հարցնել, ես ամեն բան կպատմեի, և ոչ միայն ես: Մենք ուղղակի զարմանում ենք, թե Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա ինչո՞ւ է խորհրդարանում, սա՝ մեկ: Երկրորդ՝ երկուստեք «կոմպլիմենտները» (հատուկ եմ կոմպրոմատին կոմպլիմենտ ասում-Ս.Դ.) ոչ ոքի ոչինչ չի տալիս, դա կառուցողական ոչ մի քայլի չի բերում: Մենք ամեն ինչ գիտենք, իրենց թվում է, թե բացահայտումներ ենք անում: Մանվել Գրիգորյանի մասին էլ ես՝ որպես քաղաքացի, ամեն ինչ գիտեի: Սա փոքր երկիր է, մենք բոլորս ԱԱԾ-ի «շտեմարան» ենք: Մենք ուրիշ բան էինք սպասում, որ իրավիճակի մասին ոչ թե պետք է խոսեինք, այլ իրավիճակը պետք է փոխվեր: Արտասահմանից, սփյուռքից կարելի էր կանչել նորմալ, պարկեշտ մարդկանց, 20-30 հոգի, իսկ ներքևի էշելոնը թող մնար ու գործ աներ:

Դե ոչ մի կառավարություն էլ պատրաստ չէր վիրուսի այս մասշտաբներին: Բնականաբար, մենք աղքատ երկիր ենք, չենք կարող երկար ժամանակ փակ մնալ: Ես չգիտեմ՝ ինչ կարելի էր անել, սակայն կուզեի վիրուսոլոգների, մասնագետների եզրակացություններ լսել Հանրային հեռուստաընկերությամբ, խելոք մտքեր լսել, ոչ թե ամեն անգամ Թորոսյանը ինչ-որ բան ասեր. Թորոսյանը վիրուսոլոգ չէ:

Չգիտեմ՝ դա որքանով կօգներ… Բայց ես չեմ կարող գնահատական տալ կառավարության գործունեությանը: Հեշտ է կողքից խոսելը: Բնականաբար, հիմա մեղադրել, ասել. «Այ էս բանը չարեցիք, այն բանը չարեցիք», ճիշտ չեմ համարում: Էհ, Իսպանիայում էլ չարվեց, Իտալիայում էլ… Սխալ է ասել, թե ինչ պետք է անեինք, ավելի լավ է մտածել՝ ինչ պիտի անենք հիմա: Այս երկու տարվա ընթացքում պետք է ունենայինք նորմալ վճարվող Ոստիկանություն, որ պաշտոնյաները դուրս գային քեֆեր անելու, ոստիկաններին ոչ թե լրագրողը խայտառակ աներ,

այլ Ոստիկանությունը ոլորեր բոլորի ձեռքերն ու տաներ բանտ: Դա կլիներ գործ… Եթե ես իմանամ նման ռեֆորմների ենթարկված Ոստիկանություն ունենք, ինձ՝ որպես քաղաքացի, ավելի զգաստ ու զգոն կպահեմ, իսկ եթե գիտեմ, որ սա նույն Ոստիկանությունն է, որը տատիկներին գրկում-տանում էր քվեարկության, ասում եմ. «Լավ է, դիմակ էլ չեմ դնի…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *