Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .«Հարգելի վարչապետ, չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խեղդող այն գարշահոտությունը, որ արձակել եւ ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել մեր ժողովրդի միահամուռ ջանքերով պատմութան աղբանոց նետված քաղաքական դիակները։
Դրանց հետ վարվելու` քո նեյնիմ գործելաոճը անհասկանալի է և, այժմ արդեն վստահ կարելի է ասել, կտրականապես չի ընդունվում քեզ հավատացողների, քեզ վստահողների ու քեզ մինչև վերջ թև ու թիկունք լինելու պատրաստ սատարողների կողմից։
Քանի գնում, այնքան ավելի է ամրապնդվում այն կասկածը, որ քեզ տիրել է անսխալականության զգացումը ու քեզ բոլորովին չի հետաքրքրում ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, այն կարծիքը, ըստ որի` գլուխ բարձրացրած, ռևանշի ձգտող տականքի դեմ պետք է գործել ավելի կոշտ եւ կտրուկ ձևերով։
Քեզ հատուկ ժողովրդավարական մեթոդներով դու իրավունք ունես գործելու, եթե դրանից կախված լինի միայն քո և քո ընտանիքի ճագատագիրը, սակայն այդ իրավունքդ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը և քո պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։ Սխալներ ու բացթողումներ չի ունենում միայն ոչինչ չանողը, սակայն այդ սխալներն ու բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը գիտակցում ու ուղղելու եւ վերացնելու միջոցներ է ձեռք առնում։
Ժողովուրդը գիտակցում ու հասկանում է, որ դա մեկ օրվա ու մեկ մարդու գործ չէ, սակայն ժողովուրդը լավ գիտե, որ կա մի մարդ, ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմը ու այդ մարդը դու ես։ Եվ ուրեմն` դանդաղողը դու ես և մեր պահանջը քեզնից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որդեգրել, ընդունելի է միայն ժողովրդավարական ավանդույթներ ու իսկական ժողովրդավարություն ունեցող երկրում, իսկ դրան հասնելու համար մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։
Սակայն չունենք մի շատ կարևոր բան` ժամանակ։ Իսկ այդ բացը հնարավոր է լրացնել միայն մեկ ճանապարհով` թեև ուշացած, բայց գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի ու նախկինների` հնարավորինս արագ չեզոքացում։ Հեղափոխությունը վերջապես պիտի ցույց տա իր բռունցքի ուժը, հեղափոխությունը պիտի կարողանա պահպանել եւ պաշտպանել իր ձեռքբերումը։ Հուսով եմ քեզ հայտնի է Սալվադոր Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու ծնվել ես նրա զո հվելուց գրեթե երկու տարի հետո։ Նա էլ էր ցանկանում քո ճանապարհով իր երկիրը վերափոխել ու կառուցել։
Վստահ եմ, չես նեղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։ Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, որպես ավագ ընկեր, որպես գործընկեր և որպես մարդ, որի զավակները քեզնից տարիքով են։ Եվ վերջապես` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին»։