Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, ԲՀԿ առաջնորդի գործունեությունից տուժած գերմանացի ներդրողները շարունակում են իրենց պայքարը դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում: «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավարությունը պահանջում է վերացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ն. Հարությունյանի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանի որոշումները:
Մոտ մեկ տարի առաջ իրավապահները մերժել են քրեական գործ հարուցել և բացահայտել, թե ինչպես գերմանացի ներդրողները դեռևս 2008թ-ին զրկվեցին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի իրենց 3.2% բաժնեմասից: «ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացուցիչ-փաստաբան Դավիթ Դանելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ լիարժեք քննություն չի կատարվել, անգամ փորձաքննություն չի իրականացվել, սակայն որոշվել է, որ հանց ագործության հատկանիշներ չկան:
Տուժողները դիմել են դատական ատյաններին: Առաջին նիստը նշանակվել է 2020թ-ի փետրվարին, բայց դատախազի բացակայության պատճառով հետաձգվել է մարտին, ապա կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով նորից հետաձգվել է անորոշ ժամանակով: «Դատական նիստի օրվա մասին ծանուցագիր դեռևս չեմ ստացել»,- ասաց Դ.Դանելյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում իր վստահորդները հույս ունեն, որ վերջին օրերի զարգացումները բեկում կմտցնեն նաև «ԻստԻնվեստորի» գործում և Հայաստանի Հանրապետությունը կխուսափի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դեմ կայացվելիք ևս մի որոշումից:
Փաստաբանը հիշեցրեց, որ «ԻստԻնվեստորըը» 2014 թ-ին դիմել է ՄԻԵԴ, որտեղից մոտ մեկ տարի առաջ կապ են հաստատել իր հետ, ևս մեկ անգամ հստակեցրել դիմումատուների դիրքորոշումը, և գործին ընթացք է տրվել։ 12 տարվա պայքար «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն, որ գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, 2006թ-ին աճուրդով ձեռք է բերել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի 1520 հատ բաժնետոմս կամ կանոնադրական կապիտալի 3.2155 %, որից 2008-ին զրկվել է: Ընդհանուր բաժնետոմսերի շուրջ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ Կոնցեռնին», մոտ 7%-ը՝ այլ բաժնետերերին՝ ընդամենը թվով 124 բաժնետեր:
2008թ-ին ընկերության տարեկան ընդհանուր ժողովը սեփական կապիտալը տարեսկզբին գնահատել էյոթ մլրդ 704 մլն 714 հազար ՀՀ դրամ: Սակայն ամիսներ անց, նույն 2008-ի հոկտեմբերին սեփական կապիտալը նվազեցվել ու սահմանվել է ընդամենը 812 մլն 652 հազար ՀՀ դրամ: Ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմնավորման: Դրանից հետո գործարանի արտահերթ ընդհանուր ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության ութ հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի:
«ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազար դրամ, մինչդեռ «ԻստԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար դրամով: «Համախմբում» կոչված այդ հնարքի արդյունքում ընկերության մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց համարժեք փոխհատուցման: Այսինքն, «ԻստԻնվեստորի» ներդրող և նախկին տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի համոզմամբ, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
2009թ. դեկտեմբերին օտարերկրյա բաժնետերը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վիճարկելով իրեն բաժնետոմսերից զրկող որոշումը։ Նա պնդել է, որ այդ բաժնետոմսերն իրենից խլել են կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա և իր վնասը կազմում է նվազագույնը 3 մլն եվրո։ Սակայն շուրջ 5 տարի տևած դատական գործընթացի ընթացքում ներպետական որևէ ատյան այդպես էլ գնահատական չի տվել կատարվածին և «ԻստԻնվեստորի» հայցը մերժվել է՝ ներդրողներին ստիպելով արդարադատություն փնտրել միջազգային ատյաններում:
«ԻստԻնվեստոր ՍՊԸ-ի ներկայիս տնօրեն Անդրեաս Հինզմանը վստահ է, որ ՀՀ-ում դատական գործը պարտվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի և կապերի պատճառով: 2018թ-ի իշխանափոխությունը արդարության հասնելու նոր հույսեր է արթնացրել «ԻստԻնվեստորի» սեփականատերերի մոտ, բայց ոստիկանության ու դատախազության անգործությունը նրանց նորից դրդել է դիմել դատարան: Փորձեցինք կապ հաստատել նաև «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի հետ, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մենք պատրաստ ենք հրապարակել հարցի շուրջ նաև «Արարատ» ԿԳՕԿ-ի դիրքորոշումը։
Ծառուկյանի խոսքն ու գործը՝ մի դրվագով։ Այսօր Հայաստանում ընդդիմության հիմնական առաջնորդ ներկայացող Գագիկ Ծառուկյանն իշխանություններին մեղադրում է տնտեսությունը «տրաք ացնելու» և ներդրողներին վանելու մեջ՝ պնդելով, թե «երեք ամիս հետո սով ա լինելու»: Ծառուկյանն այժմ էլ է հիշեցնում անցած տարեվերջին ԱՄԷ-ի թագաժառանգի, որ հետո պարզվեց՝ բոլորովին էլ թագաժառանգ չէր, ներդրումային մտադրությունների, իբր, տապալման շուրջ ծագած սկանդալը: Մինչդեռ իր իսկ շնորհիվ վերջին տասը տարիների ընթացքում եվրոպացի ներդրողների հետ կատարվածի և Հայաստանի վարկաբեկման մասին չի էլ հիշատակում:
Շեյխերի հետ կապված սկանդալից հետո «ԻստԻնվեստորի» տնօրենները նամակ էին հրապարակել՝ տարակուսանք հայտնելով օտարերկրյա ներդրողների մասին «հոգացող» և «նրանց շահերը պաշտպանող» Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների եւ պահանջների կապակցությամբ, և պնդելով, որ իրական պատկերը հակառակն է: «Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսնակյունից արդար ու բարենպաստ միջավայրի ստեղծումը, «ԻստԻնվեստորի» հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին՝ նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից»,- իրենց նամակում նշել էին գերմանացի ներդրողները։ Գայանե Խաչատրյան