Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես, որպես Հայաստանի քաղաքացի, պահանջում եմ, որ իշխանությունները տեղի չտան «բնիկ» կամ «եկվոր» քաղքենիների և պետության վրա թքած ունեցողների, իրականությունից կտրված մարդկանց ճնշումներին ու նորմալ, մարդավարի և ԴՈՒԽՈՎ թանկացնեն գույքահարկը։ Ես ամեն անգամ իմ բնակարանի և տան համար գույքահարկ վճարելիս ամոթից գետինն եմ մտում։
Դուք ո՞նց եք ցանկանում երկիրը դառնա երկիր, եթե ձեր բնակարանի ամսական գույքահարկը մի տուփ ծամոնից էժան է։ Լավ, մարդ եք, դուք չեք ամաչու՞մ, որ բողոքում եք։ Բա ամոթից գետինը չեք մտնու՞մ։ Կամ էդ ի՞նչ թանկացնել են թանկացնում։ Սա թանկացնել չի, սա թանկացնելու տնազ ա։
Ով բողոքում է էս օրենքի դեմ, որը հնարավոր ամենամեղմ, ամենաթեթև տարբերակն է թանկացման (իսկ իրականում գների նորմալացման), ինքը դրանով ցույց է տալիս, որ իր համար պետություն գոյություն չունի։ Իր համար իր սեփական տունն է միայն իրենը, իսկ ինչը դրանից դուրս է գնում, իրենը չէ։ Փողոցը իրենը չէ, վերելակը, մայթը, ասֆալտը, քարը, ծաղիկը իրենը չէ, այլ միայն իր տունն է իրենը, իր տան պատը, իր պարիսպը, և դռան դեմի մի քմ կաֆելը…
Վստահ եմ, էդ բողոքողներիդ իննսուինը տոկոսի համար էդ փողը խնդիր չի, սակայն էնքան հեռու եք «Պետություն» գաղափարից, որ ասում եք. «Խի՞ եք մեզ ստիպում, որ փող կորցնենք»։ Քանի որ ձեզ համար գույքահարկը կորած փող է, քանի որ ձեր հայրենիքը ավարտվում է ձեր պարսպով, ձեր դռան շեմով ու շեմի դիմացի կաֆելով։ Ձեզ համար նորմալ է առնել երեք հազար դոլարանոց մեբել, սակայն ափսոսում եք տալ երեք հազար դրամ գույքահարկ, քանի որ մեբելը ձեր սեփականն է, կարող եք շոշափել, իսկ պետությունը՝ ինչ-որ օտար-անհասկանալի բան, որի արժեքը չեք հասկանում։
Նորմալ քաղաքացու համար գույքահարկը կորած փող չէ։ Դա մեր գրպանն է։ Այո՛, ես ցանկանում եմ իմ մի գրպանից հանեմ ու դնեմ մյուս գրպան որը Երևանի, Հայաստանի բյուջեն է։ Ես քաղաքացի եմ, ես ցանկանում եմ վաղվանից ևեթ վճարել ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ։ Քանի որ ինչքան էլ իմ տունը լինի խնամված ու մաքուր, եթե իմ երկրի փողոցը, բակը, սարը կորած է կեղտի մեջ, ես ապրում եմ կեղտի մեջ։
Սա կաչվում է «Քաղաքացիական գիտակցույթուն»։ Իսկ դուք՝ բողոքողներդ, միայն ցույց եք տալիս, որ ձեզ համար Հայրենասիրությունը վերջանում է այնտեղ, որտեղ պարզվում է, որ այդ հայրենիքի համար պետք է երեք հազար դրամ փող վճարել։ Ամոթ ա, իրոք ամոթ ա։ Նորմալ քաղաքացիները ամաչում են ձեր փոխարեն։