Կորոնավիրուսի վարակը Հայաստանում նահանջել է, Lragir.am-ի հետ զրույցում այդպիսի դիտարկում արեց հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը։
«Իմունիզացված բարիերը բավականաչափ ձևավորվել է, ու համաճարակն սկսել է նահանջել։ Համաճարակն իր պրոգրեսը դադարեցրեց հունիսի 15-ից, այդ օրվանից կայունության մեջ ենք մինչև վերջին 7 օրը։ 7 օր առաջ այլևս համաճարակն սկսել է շատ դանդաղ նահանջել։ Վերջին մեկ 7 օրվա ընթացքում ունենք փաստացի բուժման մեջ գտնվող անձանց մոտ 800-ով պակաս թիվ։ Վաղը կունենանք արդեն փաստացի բուժման մեջ գտնվող անձանց ևս մի քանի հարյուր հոգով պակասում։ Եվ այդպես դանդաղ, բայց նահանջելու է համաճարակը, որովհետև բավականաչափ իմունիզացված բարիեր է ձևավորվել մեր մոտ»,- ասաց Մանասյանը։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ վարակված անձանց օրգանիզմում հակամարմինները երկար չեն բնակվում, ու չպետք է այս դեպքում հույս դնել կոլեկտիվ իմունիտետի վրա, Հայկ Մանասյանն ասաց, որ հակամարմիններն իմունիտետի միակ գործիքները չեն։
«Իմունիտետն ունի ազդելու այլ գործիքներ, որոնցից միայն մեկն է հանդիսանում հակամարմինը, այն էլ հակավիրուսային պաշտպանության մեջ առանձնակի մեծ կամ գլխավոր դերակատարում չունի։ Պարզապես լաբորատոր ուսումնասիրման համար դա հեշտ մեթոդ է, իսկ ինչը հեշտ է, այն էլ հիմնականում ստուգում են։ Բայց չեն ստուգում այն ամենը, ինչն անհրաժեշտ է հակավիրուսային իմունիտետը հասկանալու համար։
Փաստը մնում է փաստ, որ կրկնակի վարակման դեպքերը հիմնականում եղել են 30 օրվա ընթացում, ինչը հուշում է, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ հին վարակի վերաակտիվացում է։ Դրանից դուրս գրեթե չկան կրկնակի վարակման դեպքեր կամ այնքան հազվադեպ են, որ իմունզիացված բարիերի ամրության վրա չեն ազդում»,- հավելեց նա։
Ի՞նչ սպասել աշնանը՝ հաշվի առնելով, որ օդակաթիլային վարակներն ակտիվանում են հենց այդ շրջանում։ Հայկ Մանասյանի խոսքով՝ աշնանը ոչ թե աճ կլինի այսօրվա համեմատ, այլ, օրինակ, հոկտեմբերին կարող է աճ գրանցվել սեպտեմբերի համեմատ կամ դեկտեմբերին հոկտեմբերի համեմատ, այնպես, ինչպես լինում են բոլոր սեզոնային շնչառական ինֆեկցիաները։
«Սա պետք չէ հանկարծ շփոթել երկրորդ ալիքի հետ, ինչը սպառնում է այն երկրներին, որոնք իմունիզացված բարիերի ճանապարհը չեն որդեգրել։ Նման երկրներն սարսափով սպասելու են երկրորդ ալիքին։ Եվ մերոնք, եթե զանազանություն չդնեն պայքարի ռազմավարությունների միջև, ապա կարող է շփոթմամբ սպասեն ու վախենան այդ երկրորդ ալիքից։
Իրականում մեզ ընդամենը սպասում է սեզոնային որոշակի ակիտվացում, բայց ոչ երկրորդ կամ երրորդ ալիք։ Մենք ընտրեցինք իմունիզացված բարիերի ուղին՝ այդպիսով կանխարգելոլով երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների ռիսկերը»,- ասաց Մանասյանը։
Մասնագետն անդրադարձավ նաև դիմակների խնդրին։ Վերջին շրջանում շատ է քննարկվում հարցը, թե շոգ եղանակին և բացօթյա տարածքներում ինչո՞ւ պետք է մարդիկ դիմակներ կրեն։ Ըստ Մանասյանի՝ առնվազն բացօթյա տարածքներում դիմակներ պետք չէ կրել, մարդկանց հարկադրելը սխալ քայլ է։
«Գոյություն ունեն օդափոխվող ու չօդափոխովող փակ տարածքներ։ Անգամ փակ և չօդափոխվող տարածքների դեպքում բավականաչափ ապացուցված չկա դիմակների անհրաժեշտության վերաբերյալ, իհարկե առողջ մարդկանց մասին է գնում խոսքը»,- ասաց նա՝ հավելելով, որ չպետք է դիմակներին վերագրել այն, ինչն իմունիզացված բարիերի շնորհիվ է տեղի ունենում։