«Ինձնից հետո եկած ոստիկանապետը ու դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին, այժմ իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել:
Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում», — երեկ PARA tv-ին տված հարցազրույցում ասել էր քրեական գործով անցնող նախկին ոստիկանապետերից Վլադիմիր Գասպարյանը։
Irakanum.am-ը նախկին ոստիկանապետերից փորձեց ճշտել, թե ի՞նչ էր ակնարկում Վովա Գասպարյանը եւ արդյո՞ք կադրային քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել են Գասպարյանի մեջբերած արտահայտությամբ։ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետերից Վալերիյ Օսիպյանը Irakanum.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ոստիկանապետ նշանակվելու 1-ին իսկ օրվանից կոմպելքսավորված ու կաշկանդված չի եղել։
«Որպես ոստիկանության նախկին պետ իհարկե չէի ցանկանա մտնել այդ դիսկուրսի մեջ, բայց նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, չկա գեթ մի ծառայող, ով կհաստատի վերջինիս խոսքերը, որ իբր թե ես առաջնորդվել եմ այդ կերպ։ Հարիր չեմ համարում լինելով գեներալ արձագանքել մեկ այլ գեներալի, հատկապես, որ արձագանքը կարող է լինել բավականին անհամաչափ։
Իմ պաշտոնավարման ընթացքում ես գործել եմ բացառապես օրենքի ու ինձ՝ որպես ոստիկանության պետի տրված լիազորությունների շրջանակներում։ Վստահ եմ ժամանակն ու իրողությունները արդեն իսկ ցույց են տվել ու դեռ ցույց կտան, որ ժամանակներում է այս կամ այն պաշտոնյան եղել կոմպլեքսավորված»,- ասաց Վալերիյ Օսիպյանը։ Նախկին ոստիկանապետերից Արման Սարգսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։