«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն, սակայն համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքը
«Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է ու պետք է մնար իր շրջանակներում»,- այս մասին այսօր՝ օգոստոսի տասներկուսին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Ինչ վերաբերում է իր հայտարարություններին,
ես կարծում եմ, որ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր արվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը, կարծում եմ, չստացվեց, քանի որ մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին՝ իր անցած «մեծ» ուղու շնորհիվ», — նշեց Ալեն Սիմոնյանը։
«Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտ մոռանալու են այն ամենն, ինչ որ եղել է։ Ես շատ կցանկանայի՝ ձեզնից որևէ մեկը իրենից հարցազրույց վերցներ, որ, օրինակ, խոսեր իր աշխատակից
Արշակի վերաբերյալ կամ այն քաղաքական գործերի, որոնց այդ տարիներին ականատես եղանք․․․: Ինքը, հաճախ վերև նայելով Աստծո մասին խոսելիս, պետք է նաև հասկանա, որ պատասխան է տալու՝ և ոչ իշխանությունների առաջ»,- ասաց Ազգային ժողովի փոխխոսնակը։