Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում:
Ռուսական «Առաջին» ալիքով ընթացող «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանի կույր լսումների փուլում Ռոման Բագաջիյանի փայլուն ելույթ ունեցավ։ Ռոստովից ժամանած Ռոման Բագաջիյանը (Ռոմչի) հիանալի կատարեց Սեյմուր Սիմոնսի ու Ջերալդ Մարքսի «All Of Me» ջազային ստեղծագործությունը։
Նշենք նաև, որ Ռոմանը ծնվել է Ռոստովում. «Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ տասնութ տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան ու տեղափոխվեցի Ռոստովից: Այժմ հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում»,- նշում է Ռոմանը:
Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի անդամներից երեքին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին եւ Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա Դիմա Բիլանը, որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պետք է հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց.
«Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ այն մարդու, որը հիմա ինձ չի նայում (ակնարկելով եւ անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։
Տեսանյութը ստորև՝