2 օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյանը կիսվել է հաճելի զգացողությունների մասին
Այսօր հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։ Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան յոթանասունութամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է առօրյայի, շնորհավորանքների ու գնահատվելու մասին: Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային
զանգերը քւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել, եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»: Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է: «2 օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի
մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար: Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել: Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր,
որ մեր շրջանի ժողովուրդը անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ողջ կազմի հետ միասին: Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր ու ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ
մասնակիցն էի այդ ամենի: Ինձ համար այնքան հաճելի էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ
սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կորոնավիրուսը, որպեսզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-նկատում է նա: