Նիկոլ Փաշինյանի նվիրած ճագարները 14-ամյա գյումրեցի պատանու համար դարձել են ձեռնարկատիրական գործունեության հիմք

Shantnews.am-ը գրում է. 1 տարի առաջ վարչապետի հետ հանդիպումը փոխեց տասնչորս տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Պատանին իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ կալիֆորնիական ճագարներ։

Օգնեցին մասնագիտական խորհրդատվությամբ եւ նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դասերին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի ու մորթու վաճառքի կայուն հեռանկարներ:

14 տարեկան, սակայն արդեն ձեռներեցության, ինքնուրույն տնտեսվարման որոշակի փորձով Միքայելի համար դասերից հետո այլ առօրյա է սկսվում։ Ամեն օր գալիս է իր փոքրիկ ֆերման, մաքրում, խնամում ու կերակրում ճագարներին։

Ճագարաբուծության համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները, նույնիսկ վանդակներում ջրի ինքնահոս համակարգ է ստեղծել, ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունն է կիրառել, ինչի արդյունքում ճագարները ջրից օգտվում են առանց մարդու միջամտության։

«Ջուրն ավտոմատ համակարգով է, էլ անհրաժեշտություն չկա ճագարներին ջուր տալու։ Ջուրը լցնում եմ այստեղ, ինքը ֆիլտրում, մաքրում է, և ճագարները խմում են մաքուր ջուր»,- նոր համակարգի արդյունավետության մասին է խոսում Միքայել Սարգսյանը։

Միքայելի համար նապաստակներ պահելը հոբբիից վերածվել է ձեռներեցության: Վանդակներում ճագարներն առանձնացված են: Առաջին ու երկրորդ հարկերում մայրացուներն են, իսկ երրորդ հարկում՝ արուները:

Բազմացման ժամանակ Միքայելը հատուկ ուշադրություն է դարձնում ճագարների ընտանեկան կապի բացառմանը, ինչի շնորհիվ կծնվեն միայն առողջ ձագուկներ: Իսկ կալիֆորնիական ցեղատեսակի ճագարներն ամենաշատ ձագերն են ունենում։

Կենդանասեր պատանու համար փափկամազ կենդանիների հետ կապված ամեն մանրուք ուշադրության է արժանանում։ Ունի հատուկ նշումների տետր, այսպես ասած ՝ ամբուլատոր քարտ, որտեղ գրում է բոլոր երեսուն ճագարների քաշի, ընտանեկան կազմի, պատվաստումների մասին տվյալները։

«Էս տետրը ես եմ կազմել, ամեն ամիս ճագարներին կշռում եմ, թե ինչքան են աճել, նաև մայրացուների ձագ տալու օրերն եմ գրում, թե որը քանի ճագար է ունեցել, և արդյո՞ք մայրական բնազդը նորմալ է եղել, թե ոչ»,- տետրը ցույց տալով բացատրում է Միքայելը։

Անգամ ուսումնասիրել է ճագարների մսի բաղադրությունն ու պարզել, որ այս փափկասունների միսը շատ օգտակար հատկություններ ունի։ «Ճագարի միսն ամենադիետիկն է, միակ միսն է, որ խորհուրդ է տրվում փոքրիկներին, որովհետև շատ դյուրամարս է։ Շուկայում մեծ պահանջարկ կա։ Մեր երկրում մոտ տասը տոննայի դեֆիցիտ կա»,-նշում է պատանի ճագարաբույծը։

Ճագարաբուծությանը զուգահեռ Միքայելը նաև գո մաղբի վերամշակման է անցել։ Հատուկ տեխնոլոգիայով ստանում է ազոտական պարարտանյութ: Պարարտանյութի ստացման գործում օգնում են նաև որդերը, որոնք փխրեցնում են այն ու վերածում միասեռ զանգվածի։

«Ես մշակում եմ նաև ճագարների երկրորդ պրոդուկտը, շատ արժեքավոր պարարտանյութ է։ Մաքրելուց հետո գոմաղբը լցնում եմ մի տեղ, հետո երեք օրը մեկ ջրում եմ, իրա միջից ազոտը դուրս է գալիս։ Մեկ տոննա գո մաղբից ստացվում է մոտ 700 կգ կենսահումուս»,- պատանի ձեռներեցը պարզաբանում է մշակման տեխնոլոգիան։

Ստացված պարարտանյութը կարելի է օգտագործել այգիների, բաջարանոցների պարարտացման համար։ Վնասակար ազդեցություններ չունի։ Արդեն մի քանի պարկ վաճառել է գյուղատնտեսներին։ Մի քանի ամսից 14 տարեկան ճագարաբույծ-ֆերմերն ընդլայնելու է ֆերման, արդեն նոր վանդակներ է սարքել։

Ֆերմերային տնտեսություն վարելու նրա փորձով արդեն հետաքրքվել են շատ ճագարասերներ: Եվ ամենակարևորը՝ Միքայելի օրինակով հասակակից ու ավելի փոքր տարիքի գյումրեցի պատանիներ ձգտում են հաջողություններ ունենալ ձեռներեցության ոլորտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *