Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, պետք է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի վերահսկման այն նույն մեխանիզմը, որի մասին նշված է ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթում, որը դեռեւս ոչ ոք անգամ չի սկսել քննարկել։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հայտնել է, որ հոկտեմբերի տասնչորսին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսային զրույցում հաստատել է Ղարաբաղում հակամար-տության կողմերին Ռուսաստանի ուղերձը զինվորականների մասով հրադադարի վերահսկման անհապաղ համաձայնեցման անհրաժեշտության վերաբերյալ։
«Մեր հիմնական ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, պետք է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի վերահսկման հենց այն մեխանիզմը, որի վերաբերյալ խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել,- ասաց Լավրովը:- Համապատասխան ազդակները ես վերահաստատեցի ուղիղ կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը:
Նույն ազդանշանը մենք ուղղում ենք մեր հայ գործընկերներին: Կարծում եմ, որ սա այժմ կայուն հրադադարի բանալին է, ինչից տուժում են քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակիչները»: Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում:
«Այժմ նույնիսկ ոչ թե խաղաղապահները (պետք է մասնակցեն վերիֆիկացման մեխանիզմին), այլ ռազմական դիտորդները, նրանց թիվը բավական կլիներ: Մենք կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նրանք լինեին մեր ռազմական դիտորդները, բայց վերջին խոսքը պետք է կողմերինը լինի:
Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում հաշվի կառնվեն մեր դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմը պետք է սկսի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական շփման գծում Լեռնային Ղարաբաղում: