Երկրում կատարվածը մեծագույն կորուստ է: Բայց պետք է շատ սթափ և խորը ընկալել, որ…Բորիս Սահակյանի պատասխանը վարչապետի հրաժարականը պահանջողներին

Բորիս Սահակյանը գրել է. ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ: Մեր երկրում կատարվածն, իհարկե, մեծագույն կորուստ է: Բայց պետք է շատ սթափ ու խորը ընկալել, թե ինչպես ենք հասել այս վիճակին: 25 տարի ամբողջ երկիրն աշխատում էր մի քանի հոգու ու իրենց նեղ շրջանակներին հարստացնելու ուղղությամբ, և բոլոր փոփոխությունները կատարվում էին, որ օրվա իշխանությունն էլ ավելի ճոխ ապրի․

ավելի մեծ տներ կառուցվեն, անօդաչուներ արտադրող գործարանների փոխարեն դատավորների համար դղյակներ կառուցվեն, նոր զե նքերի գնման փոխարեն գեներալները նոր մեքենաներ քշեն․․․․ Ու մենք ուզում էինք, որ 2 տարի կառավարող Վարչապետը կարողանար 25 տարվա բացը լրացնե՞լ: Դա առնվազն ազնիվ չէ:

Ես 13 տարի զբաղվում եմ բիզնեսով, հիմնականում այնպիսի բիզնեսով, որը պահանջում է բիզնեսի վարման ժամանակակից մեթոդների կիրառում: Հիմնական նպատակս դրսից Հայաստան փող բերելն է, ու կարծում եմ, որ հաջողել եմ այդ գործում: Ի՞նչ էի ես տեսնում Սերժի կամ Ռոբերտի օրոք․ միայն խոչընդոտներ և կոռուպցիա, որ ամեն հաջորդ քայլ անելուց մտածում էի՝ Հայաստանից հեռանալ, թե շարունակել այստեղ գործել:

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Այսօր, չնայած շատ մեծ սխալներին և բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներին, կա բացարձակ ազատություն և գործելու մեծ հնարավորություններ: Մեր երկիրը սկսում է շնչել, և այժմ ասել, որ հները լավն էին կամ լավ էին կառավարում, կամ հների աջակցությունն ունեցող նորերը կգան և չեն գողանա ու կհզորացնեն երկիրը, բացարձակ միամտություն է: Պատերազմը պարտվել ենք երեսուն տարում, դա իմ խորին համոզմունքն է: Ու եթե գոնե տասը տարի առաջ կարողանայինք չգողացող կառավարություն ձևավորել, համոզված եմ, որ պատերազմը կհաղթեինք:

Հիմա սկսել եմ առաջին քայլերն անել ռազմարդյունաբերության ոլորտում՝ կենտրոնանալով ոչ միայն ռազմական արտադրանքի ստեղծման, այլ նաև արտահանման վրա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի այդ արտադրանքն ինքնարժեքով մատակարարել նաև մեր բանակին: Ճանաչում եմ ինձ նման նոր սերնդի տասնյակ բիզնեսմենների, որոնք լծվել են նույն գործին, և մենք հաստատ հաջողելու ենք:

Կհաջողե՞նք արդյոք, եթե հները գան, կամ նոր հարստացողներ գան: Կարծում եմ՝ միանշանակ կհաջողենք, բայց ոչ Հայաստանում: Կհաղթե՞նք արդյոք հաջորդ պատերազմում (քանի որ պատերազմները երբեք վերջինը չեն լինում): Անշուշտ, եթե շատ լուրջ հետևություններ անենք և բացառենք անցյալին վերադարձը: Բորիս Սահակյան
«Արարա» ՍՊԸ-ի համահիմնադի «Պրոդիջի» ՍՊԸ-ի համահիմնադիր «Դիջիթալ Կարամել» ՍՊԸ-ի համահիմնադիր «Մայ Ջեո» ՍՊԸ-ի համահիմնադիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *