Կարդացե՛ք Ռուդիկի վերաբերյալ պատմությունը, որը գրել էինք իր՝ բանակ զորակոչվելուց մի քանի օր առաջ․ ՔՈԱՖ

Մեր Ռուդիկը՝ կենսուրախ, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով եւ նպատակներով լի, գրել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)։ «Անասելի ցավալի է մեզ համար ՍՄԱՐԹ կենտրոնի 1-ին շրջանավարտ

Ռուդիկ Ղարիբյանի կորուստը։ Մոտ 1 տարի է, ինչ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում եւ այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ եւ գիտակցումով։ Ցավոք, երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։

Նա վառ օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի ՍՄԱՐԹ (խելացի) քաղաքացին ու կշարունակի այդպիսին մնալ մեր, իր ընկերների և ՍՄԱՐԹ-ի գալիք սերունդների համար։ Իսկ մենք կշարունակենք աշխատել հանուն այն խաղաղության, որը նման անսիրտ սխալներ թույլ չի տալիս․․․

Ռուդիկի մասին ներկայացված նյութը ստորև՝ «ՍՄԱՐԹ-ն իմ երազանքների դպրոցն է»,- ամփոփում է 2 տարվա իր «շրջագայությունը» Ռուդիկ Ղարիբյանը, ով 1-ին ՍՄԱՐԹ քաղաքացին է, որ այս շաբաթ ավարտեց ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը, եւ հենց այսօր բանակ է գնում։

2 տարի առաջ մուտք գործեց այն սպիտակ ալիքաձև բետոնե կենտրոն, որը նոր աշխարհ էր ոչ միայն իր տարբերվող ինտերիերով, այլև ծրագրերի բազմազանությամբ եւ սոցիալական կյանքով։ ՍՄԱՐԹ-ն իրար կապեց 2 տասնյակ համայնքների երիտասարդներին, նրանց էլ՝ աշխարհին։

«ՍՄԱՐԹ-ն իմ կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ ամենաշատն ունեի դրա անհրաժեշտությունը․- պատմում է նա եւ շարունակում,- սկզբում վախենում էի նոր միջավայրից, բայց ՍՄԱՐԹ-ը փոխեց միջավայրին հարմարվելու իմ կարողությունները, մոտիվացիա տվեց, եւ ես ավելի ներկայանալի դարձա»։

Այստեղ նա առաջին անգամ ունեցավ իր այցեքարտը (Մարքեթինգի ծրագրի ձեռքբերումներից էր), խորապես ծանոթացավ բանկային ոլորտին (Ֆինանսներն ամենասիրելի ծրագիրն է եղել), բացահայտեց իր սիրելի գործիքը՝ կիթառը (Երաժշտական գործիքներ ծրագրի միջոցով), եւ հասկացավ, որ բերքը կարելի է կրկնապատկել-եռապատկել` հողն ու տնկիները հատուկ մեթոդներով մշակելու շնորհիվ (շնորհակալությո՛ւն, Ագրոտեխնոլոգիա):

Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում է մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեն Հայաստանում, Ֆրանսիայում ու Գերմանիայում։ Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրա վել է Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե իսկ Հայաստանն իրենն է, ու շուտով պիտի սահմանները պաշտպանի։

Երկու տարվա ընթացքում ՍՄԱՐԹ-ում ձեռք բերած հիշողություններն այնքան շատ են, որ մինչ զինվորական ծառայության ավարտը կապահովեն նրա սերն ու մոտիվացիան կյանքի նկատմամբ։
Կավարտի ծառայությունն ու կշարունակի ուսումը Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին

կուրսում։ Մինչ այդ, ինքն արդեն իր անելիքները ծրագրել է․ «Շարունակելու եմ ինքնակրթվել եւ զարգանալ»։ Ռուդիկ, դու մեր առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին ես, եւ մենք քեզնով հպարտանում ենք։ Ծառայիր խաղաղ երկնքի տակ ու հիշի՛ր՝ ՍՄԱՐԹ-ի դռները միշտ բաց են քո առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *