«Երբ աղերսում էի Արամին ետ գալ պատերազմից, ասում էի՝ որդիդ քնում է քո նկարը գրկած, ասում էր…» …Այսօր Հերոս Արամ Պապյանի մահվան տարելիցն է

«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները: Բավական չէ ազգի զավակ լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ ու վճռական, և յուրաքանչյուր պիտի գիտակցի, որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտպանության գործում:

Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ, որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ: Ահա այդ հերոսներից էր ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ՝ ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՊԱՊՅԱՆԸ, ում համար սեփական կյանքից ավելի կարևոր էր ազգի պաշտպանությունն ու ամրությունը, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր էր ընտանիքից:

Այսօր լրանում է անմահացած հերոս՝ Արամ Պապյանի տարելիցը, անցյալ տարի հենց այս չարաբաստիկ օրը Արամը հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ չխնայելով ամենաթանկը հանուն մեր խաղաղ ապագայի: Նա հերոսաբար զnհվեց 2020թ. հոկտեմբերի 18-ին՝ պաշտպանելով իր երկիրն ու ժողովրդին:

Արամի մասին խոսելիս կինը հուզմունքով նշում էր. «Արամը փայլուն հրետանավոր էր և պատերազմի առաջին օրից մեկնեց ռազմաճակատ՝ իր գիտելիքները, մարտական հմտությունները հայրենիքին ծառայեցնելու համար: Լինելով պահեստազորային սպա՝ դասակի հրամանատար, իրենց կազմով անձնուրաց մարտնչել են մինչև վերջ, այդ թվում ոչնչացրել են հակառակորդի մի քանի հրամանատարական կետեր՝ զգալի կորուստներ տալով թշնամուն:

«Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է»- այս միտքը հաճախ էր մտաբերում հերոս Արամը: Իր քայլը ապացուցեց, որ նա ոչ միայն ազգի զավակն է, այլ նրա իրական հրաշունչ զինվորը:

Արդեն մեկ տարի է, ինչ Արամը մեզ հետ չէ: Այո, վերջացել է այդ 44 օր տևած մղձավանջը: Վերջացել է, բայց դեռ երկար եմ զգալու հոգուս պարուրած այդ ցավը ու երբեք չի դադարելու ցավել: Երբ աղերսում էի Արամին ետ գալ, ասում էի՝ որդիդ քնում է քո նկարը գրկած, բայց դա անիմաստ էր…

«Ես քիչ, թե շատ իմ կյանքն ապրել եմ, իսկ կռվի դաշտում են 20 տարին չբոլորած հայորդիներ, որոնց թիկունքին պետք է կանգնել, թիկունքը պետք է ամուր պահել, որպեսզի ուժեղ լինի առաջնագիծը: Դու գիտես՝ ինչ խղճի տեր եմ, չեմ կարող հանգիստ քնել, ապրել. դա մեր պարտքն է»,- մտաբերում է կինը, երբ վերջին անգամ խոսել էր ամուսնու հետ:

«Ես համամիտ եմ նժդեհյան այն տողերի հետ, որ «Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը», քանզի իմ Արամը օժտված էր այդ անկոտրում, տիեզերական ոգով: Երկնային արքայությունը համալրվեց երկնային արքաներով, մենք էլ՝ երկրայիններս, մինչև մեր կյանքի վերջին շունչը կսպասենք, գուցե մի օր հրաշք տեղի ունենա… ՉԳԻՏԵՄ…

Ա՜խ, աշու՛ն, ծառերդ ոսկեգույնով ներկեցիր, բայց հողդ արյունից դարձավ կարմիր, նրանք ընկան հանուն ուրիշ աշունների, որ պետք է լինեին իրենց ընտանիքների հետ: Ինչքա՜ն աշուններ պիտի տեսնեին նրանք, որ չտեսան… ինչքա՛ն գարուններ պիտի ապրեին, որ չապրեցին….

Աշու՛ն, ատում եմ քեզ… ամբողջ սրտով ատում եմ, որովհետև թույլ չտվեցիր նկատել ոսկեգույն տերևաթափդ ու չթողեցիր ձմռան ցուրտ օրերից առաջ վայելել հետզհետե մարող ջերմությունդ: Այլ… ստիպեցիր արցունքով նայել տերևաթափիդ: Ստիպեցիր թևաթափ լինել, արցունք թափել իմ սիրելիի համար, այն հերոսների համար, որ իրենց կյանքը կիսատ թողնելով՝ ընկան հանուն հայրենիքի:

Ընկան, որ մենք չընկնենք, որ հանգիստ քնենք, բայց չգիտեմ… արդյոք կկարողանա՞նք ապրել… մի՞թե ապրում ենք: Սակայն պարտավոր ենք կարողանալ, որովհետև ապրելու ենք նաև նրանց փոխարեն. չէ՞ որ նրանք չապրեցին , որ մենք ապրենք ու հիմա պարտավոր ենք նաև ոչ միայն ուղղակի ապրել, այլ ապրել արժանապատվորեն ու գոնե մի քիչ, մի քիչ արժանի լինենք նրանց կյանքին: Իրավունք չունենք թույլ լինելու, հանձնվելու, որովհետև «Թիկունքը պետք է ամուր լինի, որ ուժեղ լինի առաջնագիծը».-ասում էր Արամը:

Ի՜մ ԱՐԱՄ, դու կապրես ընդմիշտ մեզ հետ… վստահ եմ, որ դու երբեք մենակ չես թողնի քո ընտանիքին, մեր ՊԱՀԱՊԱ՜Ն ՀՐԵՇՏԱԿ: Հայ զինվորը նվիրյալ է, նվիրյալ է, որովհետև նրա համար անձից վեր են հայրենիքը, վստահությունը իր հանդեպ, իր մարտական ընկերը, իր խոստումն ու երդումը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *