Տաղանդավոր երգիչ Արտյոմ Հայրապետյանը նշել է, որ այժմ զբաղվում է իր սիրած գործով, ինչը նրան մեծ ուրախություն է պատճառում։
Թուրքմենահայ Արտյոմ Հայրապետյանը մասնակցել է հայտնի ռուսական «Ну-ка, все вместе!» երաժշտական շոուին և զարմացրել ժյուրիի անդամներին իր ելույթով։

Նախքան բեմ դուրս գալը նա պատմել է, որ 37 տարեկան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ-հաշվապահ։ Չունենալով երաժշտական կրթություն՝ նա սկսել է երգել 25 տարեկանում՝ ընկերների առաջարկով։
«Հերիք է միայն մեզ համար երգես, եկել է ժամանակը, որ քեզ լսի մեծ լսարան»,– ասել է Արտյոմի ընկերը և հրավիրել նրան այնպիսի ռեստորան, որտեղ ելույթ են ունենում բազմաթիվ երաժիշտներ։ Լսելով նրա ձայնը՝ երաժիշտները սիրով համաձայնել են նրա հետ համագործակցել։
Արտյոմը «Ну-ка, все вместе!» նախագծի շրջանակում կատարել է հայտնի երգիչ Ben E. King-ի «Stand By Me» երգը և 100 հնարավոր միավորից ստացել 93։ Ռուսական էստրադայի ճանաչված երգիչ Սերգեյ Լազարևը մեծապես տպավորվել է նրա ելույթով։ Տեսանյութը դիտեք ստորև։