Կամո Սեյրանյանը շատ լավ է հիշում սիրված երգիչ Հայկոյի հետ վերջին հանդիպումը, երբ երգիչը խոսել էր կորոնավիրուսյան հիվանդությամբ վարակվելու մասին։ Սիրո երգիչ, դու միշտ կապրես քո երգերում․․․ Ահա այսպես է այսօր հանրությունը
հրաժեշտ տալիս ճանաչված և սիրված երգիչ, երգահան Հայկոյին: Երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դուդուկահար Կամո Սեյրանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում պատմեց երգչի հետ վերջին հանդիպման, նրա երազանքների,
կիսատ մնացած նպատակների և ստեղծագործությունների մասին։ «Քսանհինգ տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար։ Մենք Միասին նվագում էինք ռեստորաններում,
հարսանիքներին, տարբեր միջոցառումներին։ Հենց այդ տարիներին հասկացա, որ կյանքը ինձ հիանալի ընկեր է տվել։ Որպես մարդ, որպես ընկեր Հայկոյի նմանը չկա, ամենաբարի, ամենալուսավոր տղեն էր։ Չեմ հիշում,
որ մեկին թթու խոսք ասած լիներ, բոլորի խաթրով էր գնում, էլ չեմ ասում նրա տաղանդի մասին»,- ասաց Կամո Սեյրանյանը։ Նա ոչ մենակ Հայկոյի ամենամտերիմ ընկերներից է, այլ նաև գործընկերը. նրանք շատ լավ համա գործակցել են։