Մոսկվան հրաժարվե՞ց. հայկական անակնկալ Անկարային

Թուրքիայի նախագահի մոտ տեղի ունեցած Բարձր խորհրդատվական խմբի նիստից հետո նրա աշխատակազմի հանրային ծառայության բաժնի ղեկավարը հայտարարել էր, թե «որոշ շրջանակներ» առաջ են քաշում հազար իննը հարյուր տանսհինգ թ․ դեպքերի վերաբերյալ հայկական պնդումները» Թուրքիան պառակտելու համար: Նա հայտարարել էր նաեւ, որ «1915-ի դեպքերի» հարցը եղել է Էրդողանի գլխավորությամբ նիստի օրակարգում, քննարկվել են այս խնդրում մարտահրավերներին հակազդելու քայլերը ու անելիքները:

Անկարան արել է 2 նշանային խոստովանություն: Նախ, հայկական հարցը Թուրքիայի ներսում պառակտման ներուժ ունեցող խնդիր է, ինչը փաստացի խոստովանություն է, որ սրա վերաբերյալ թուրքական պաշտոնական մոտեցումն ունի առնվազն այնքան ընդդիմախոսություն, որ կա նույնիսկ պառակտման վտանգ: Մյուսը, Անկարան պատրաստվում է հայկական հարցի թե ներքին, թե արտաքին ուժգին մարտահրավերի, այլապես հազիվ թե խնդիրը գտնվեր նախագահի գլխավորությամբ բարձրագույն խորհրդատվական նիստի օրակարգում:

Միաժամանակ, հավակնոտ ու հանդուգն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիայի նախագահը իհարկե լավ է պատկերացնում, որ խորքային առումով քրդական «աշխույժ» խնդիրը նույնիսկ Անկարայի համար չունի այն խորքային վտանգը, որքան թվում է թե «հանդարտ» ռեժիմում գտնվող հայկական հարցը: Ի վերջո, Էրդողանը պատկերացնում է, եւ ներքին պառակտման մասին նրա ներկայացուցչի հայտարարությունը սրա առնվազն ենթագիտակցական խոստովանություն է, որ թուրքական պետությունը կառուցված է հայկական «ինքնության» վրա, որը ցեղասպանությամբ վերացված չէ, իսկ դրա վրա թուրքական ինքնություն կառուցելու տասնամյակների ջանքը մեծ հաշվով՝ սպառված:

Սպառված նաեւ այն իմաստով, որ թուրքական պետության համաշխարհային դերի հեռանկարի գերագնահատումը, որ արել է Թուրքիայի նախագահը, բերել է հակազդեցության միջազգային արձագանքի: Այդ իմաստով, թուրքական հավակնությունների սպասարկման աղախինը՝ Ռուսաստանը, կարծես թե պատրաստվում է հրաժարվել այդ դերից:

Համենայն դեպս, Էրդողանի մոտ բարձր խորհրդում հայկական հարցի քննարկման ֆոնին, ՌԴ Պետդումայում ամենամյա ուղերձում Ռուսաստանի Դաշնության իշխանության վերափոխման մեկնարկ տված Պուտինը նաեւ հայտարարել է նոր աշխարհակարգի շուրջ քննարկումների հրատապ լինելու մասին, ընդգծելով, որ այդ քննարկումներում առաջնային դերը ՄԱԿ ԱԽ մշտական անդամներինն է:

Թուրքիան չկա այդ շարքում: Մոսկվան հրաժարվու՞մ է աշխարհակարգի համար ռուս-թուրքական համատեղ ջանքից: Հնարավոր է, որ Բաղդադում ամերիկյան անօդաչուի հարվածն իրանցի գեներալին ունի առանցքային նշանակություն, եւ դրան հաջորդում է Պուտինի հայտարարությունը: Իրավիճակ է փոխվել:

Ընդ որում, այդ իրավիճակը փոխվել է նաեւ Հայաստանում, որտեղ վարչապետի մակարդակով քաղաքական հայտարարությամբ Ռուսաստանի վրա է դրվել ռեգիոնալ անվտանգության, պատերազմի զսպման ռազմա-քաղաքական պատասխանատվությունը, ինչից կամ պետք է խուսափել, կամ այն խորքային իմաստով հնարավոր չէ իրականացնել առանց հայկական սուբյեկտության հաշվին կնքված ռուս-թուրքական պայմանագրից հրաժարվելու:

Միաժամանակ, Հայաստանը նախաձեռնել է Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձեւաչափը, որի առաջին Վեհաժողովը ծրագրված է Երեւանում, մոտ ապագայում: Այն կարող է Անկարայի համար դառնալ «Բերմուդյան եռանկյունի», եւ Էրդողանը գուցե պատրաստվում է այդ առաջին Վեհաժողովին՝ քննարկելով հայկական հարցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *